Posted in Հայրենագիտություն

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ

Պաշտոնական պատմությունը երկար տարիներ սովորեցնում էր, որ Թամանյանը Էրիվան եկել էր 1923-ին Խորհրդային Հայաստանի հրավերով: Սակայն իրականում այդպես չէր: Թամանյանը տեղափոխվել էր Հայաստան 1919-ին՝ դեռ առաջին հանրապետության օրոք: 41 տարեկանում նա արդեն ճարտարապետության ակադեմիկոս էր, ձեռք էր բերել տաղանդավոր վարպետի համբավ, ինչի շնորհիվ ուներ արտասահմանում աշխատելու գրավիչ հեռանկարներ, բայց ընտրեց ավերված ու աղքատ Հայաստանը: Նշանակվելով երկրի գլխավոր ճարտարապետ՝ նա 1920-ին նոր հանրապետության կառավարությանը ներկայացրեց Էրիվանի վերակառուցման նախագիծը: 1920-ին բոլշևիկյան կարգերի հաստատումն ու վիճակի վատթարացումը ստիպեցին նրան գնալ Իրան ու ընտանիքով հաստատվել Թավրիզում: Սակայն Ալեքսանդր Թամանյանը ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, այլև ազգային գաղափարին լիովին նվիրված մարդ:

Ժողկոմխորհը Թամանյանին ու նրա ընտանիքին տալիս է անվտանգության հատուկ երաշխիքներ, և 1923-ին նրանք վերադառնում են Երևան: Ապագայում լինելու էին փնտրտուքներ ու նոր գաղափարներ, հուսահատության ու ոգևորության պահեր, ծանր, լարված աշխատանքի տարիներ, համաշխարհային ճանաչում: Բայց այդ ամենը դեռ հեռու էր…

Հայաստան գալով՝ Թամանյանը միանգամից սկսեց ուսումնասիրել իր ազգի շինարարական արվեստի ժառանգությունը:  Հաճախ էր գնում դիտարկելու հին քաղաքների ավերակները։ Հայկական միջնադարյան ճարտարապետությունն էր, որ հիմք հանդիսացավ նոր մայրաքաղաքում Թամանյանի կառուցած բազմաթիվ շենքերի համար:

Պետականությունը վերականգնելու և Արարատը վերադարձնելու հայերի ազգային գաղափարն արտացոլվեց Թամանյանի գլխավոր հատակագծի ստեղծագործական հորինվածքում. նրա քաղաքը Արարատի ստորոտին էր, շրջված էր դեպի Արարատն ու ներծծված էր դրանով:

Թամանյանը ծրագրում էր ոչ թե սովորական նոր քաղաք, այլ Հայաստանի նոր մայրաքաղաքը, որը պետք է արտացոլեր դարաշրջանների հաջորդականությունն ու կապը, լիներ Հայաստանի ամբողջականության ազգային գաղափարի, հայկական պատմության շարունակականության խորհրդանիշը: Բնակիչները իմանալուց, զգալուց բացի պետք է նաև տեսնեին, որ իրենք Տիգրանակերտի ու Անիի, Դվինի ու Արտաշատի, Վանի ու Արմավիրի հայերի ուղիղ հետնորդներն են: Սրա համար անհրաժեշտ էին հին Հայաստանի ոգին կրող, բայց նաև ժամանակակից, գործառնական ու հարմար շենքեր: Այս առաքելությունը Թամանյանն ի կատար ածեց իրեն հատուկ տաղանդով ու վարպետությամբ. նոր շենքերի նախագծերում համարձակությունն ու նորարարությունը համատեղվեցին պատմական ժառանգության զգույշ ու ճշգրիտ կիրառման հետ: Նրա համար մանավանդ կարևոր էր ուսումնասիրել ու վերականգնել միջնադարյան հայ ճարտարապետների վարպետության բոլոր կողմերը: Թամանյանի շնորհիվ ժամանակակից Հայաստանում կրկին սկսեցին օգտագործել անցյալի վարպետների հմտություններն ու հին, ավանդական շինանյութը՝ քարը:

Հանճարեղ գաղափարներն իրենց ստեղծողներից երկար են ապրում: Թամանյանի օրոք իր բոլոր նախագծերը մնացին անավարտ: Կենտրոնական հրապարակի, Օղակաձև այգու, Գլխավոր պողոտայի, Հյուսիսային պողոտայի, շատ շենքերի ու կառույցների շինարարությունը տևեց տասնամյակներ, Հյուսիսային պողոտան էլ միայն մեր օրերում սկսեցին կառուցել: Ալեքսանդր Թամանյանի շատ այլ գաղափարներ ընդհանրապես մնացին չիրագործված:

Երբեմն թվում է՝ Թամանյանի նախագծերը կային դարեր, նույնիսկ հազարամյակներ առաջ. ուղղակի անցյալից հայտնվել են այսօրվա Երևանի փողոցներում: Հանրապետության հրապարակում թվում է, թե հայտնվել ես Անիի սրտում, Օպերային թատրոնն էլ կսազեր Տիգրանակերտին: Ու այսօր ոչ մեկի մտքով չի անցնի անվանել թամանյանական Երևանը «խորհրդային»՝ չնայած վարպետն այն կառուցում էր հենց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում:

Փոխվում են ժամանակներն ու կառավարությունները, մնում է միայն իսկապես գնահատելին: Երևանն ու Թամանյանը հավերժ մնացին: